Հայաստանն արտոնյալ հարկային ռեժիմների պատճառով զրկվում է 442 միլիարդ դրամից
Հայաստանում գյուղատնտեսությունը համարվում է համեմատաբար թեթև հարկային ծանրաբեռնվածություն ունեցող ոլորտներից մեկը։ Այս և այլ ոլորտների հարկային արտոնությունների պատճառով Հայաստանը տարեկան կորցնում է մոտ 442 միլիարդ դրամ։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, երբ կառավարությունը պատրաստվում էր հավանություն տալ հերթական արտոնությանը։
«Բայց թե դրա դիմաց ինչ է ստացվում, դրա գնահատականը, ըստ էության, բացակայում է։ Եվ դրա մեջ մեծ կշիռ ունի, կամ որոշակի կշիռ ունի … », – կիսատ մնաց Ջանջուղազյանի խոսքը, երբ վարչապետը միջամտեց։
Նիկոլ Փաշինյանը ճշտեց՝ դա բոլո՞ր ոլորտների համախառն գումարն է։ Ջանջուղազյանը բացատրեց, որ այո, ամբողջն է, բայց ինքը կարող է ներկայացնել նաև ըստ ոլորտների։ Ինչ վերաբերում է տոհմային խոշոր եղջերավոր անասունների վաճառքի ժամանակ արտոնություններ տալուն, Ջանջուղազյանն ասաց, որ դա հավելյալ խնդիրներ է առաջացնում։