Իշխանությունը «Սպայկայի» հարցում պատրաստ է գնալ մինչեւ վերջ
«Ժամանակ» թերթը
գրում է. « Արդեն 10 օր է՝ կալանավորված է «Սպայկա» ընկերության տնօրեն
Դավիթ Ղազարյանը, ով մեղադրվում է չարամտորեն հարկերից խուսափելու համար:
Ըստ ՊԵԿ-ի՝ Ղազարյանի ղեկավարած հիմնարկը պետությունից թաքցրել է 7 մլրդ
դրամ հարկ, իսկ ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ընկերության
պարտավորությունները կարող են անցնել 40 մլրդ-ը:
Կալանավորելով Ղազարյանին՝ պետությունը դժվար թե ստանա իր հասանելիք
գումարը, որովհետեւ եթե «Սպայկա» ընկերությունը դադարեցնի իր
գործունեությունը, իսկ ամեն ինչ գնում է դրան, եւ հայտարարի իր սնանկության
մասին, ապա նրա ունեցած ամբողջ գույքը, որը գրավադրված է բանկերում,
կհանվի աճուրդի, եւ դրանով հազիվ մարվեն նրա վարկային պարտավորությունները:
Արդյունքում պետությունը կստանա ոչինչ, կփակվի մի խոշոր արտահանող
ընկերություն, եւ գործազուրկ կդառնա մի քանի հարյուր մարդ: Իշխանությունում
սա կարծես հասկանում են, բայց հանուն արդարության վերականգնման պատրաստ են
գնալ մինչեւ վերջ»: