Խոսելուց առաջ մտածեք
Հրապարակ օրաթերթը գրում է. Կիրակի օրը «Իմ քայլը» խմբակցությունը ժողով է արել` Լիլիթ Մակունցի եւ
Հակոբ Սիմիդյանի նյուզմեյքերությամբ, ոչ թե ԱԺ-ում, այլ սեփական
գրասենյակում՝ փորձելով կանխել արտահոսքն ու օտարի աչքից հեռու քննարկել
«կարեւոր» հարցեր:
Ինչպես բնորոշեց «Իմ քայլի» մեր աղբյուրը` հավաքը դաստիարակչական
նշանակություն է ունեցել՝ ինչպես պետք է իրենց պահեն պատգամավորները, ինչ
խոսեն, ինչ չխոսեն, ում հետ խոսեն։ «Չնայած հնչած հորդորին, որ մենք ազատ
ենք, կարող ենք մեր կարծիքը հայտնել, այնուհանդերձ, կոնկրետ մարդկանց,
օրինակ` Վիկտոր Ենգիբարյանին, Նազենի Բաղդասարյանին, Սոֆյա Հովսեփյանին
ասացին` պետք չէ ամեն ինչի մասին կարծիք հայտնել»: Սակայն իրական
հասցեատերը եղել է Նարինե Թուխիկյանը, ով վերջերս անզգուշություն էր
ունեցել պահանջել` փակել Հայաստանում հեռարձակվող ռուսական ալիքները։
Նրան ասվել է` պետք էր հասկանալ, թե այդ հայտարարությունն ինչ շղթայական
ռեակցիա կարող է առաջացնել. «Դու ռուսներին հանել ես մեր դեմ»։ Ավելին`
տեսակետ է հնչել, որ խնդրով անհանգստացած է եղել անձամբ ՌԴ նախագահի խոսնակ
Պեսկովը։
Հանձնարարվել է Թուխիկյանին` ոնց եփել է այդ ճաշը, այնպես էլ փորձի
շտկել թույլ տված բացթողումը: Ի դեպ, արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ
Ռուբեն Ռուբինյանն էլ ասել է` լավ կլինի, որ հայ-ռուսական
հարաբերությունների մասին ամեն ոք չխոսի: 3 ժամ տեւած հավաքի ընթացքում
խոսվել է նաեւ հաջորդիվ կայանալիք ԱԺ նիստին ներկայացվելիք ՍԴ թեկնածուի
մասին, ներկաներից մեկն ասել է` պետք չէ միանգամից մերժել, պետք է լսել,
մերժման գործընթացը նուրբ իրականացնել: Էդգար Առաքելյանն էլ գտել է, որ
պետք չէ մերժել նաեւ ընդդիմության բոլոր առաջարկները, ինչ է թե
ընդդիմությունն է դա առաջարկում, որովհետեւ երբեմն բավականին
խելացի-հետաքրքիր առաջարկներ էլ են լինում: