Ուղիղ մեկ տարի առաջ այս օրն ինձ համար ամենատպավորիչներից էր. Ռուբեն Ռուբինյան
ԱԺ Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն իր Facebook-ի էջում գրել է. «Ուղիղ մեկ տարի առաջ այս օրն ինձ համար ամենատպավորիչներից էր։ Առավոտյան 5-10 հոգով փողոց փակեցինք, մի քանի ժամից արդեն հազարավոր մարդկանցով երթ էինք անում, իսկ երեկոյան արդեն առաջին անգամ հանրահավաք արեցինք Հանրապետության հրապարակում։
Հետադարձ հայացքով որ նայում եմ, հասկանում եմ, որ մեր հաջողության գլխավոր գրավականը սին հպարտության, գոռոզության, քաղաքական ինքնասիրահարվածության լիակատար անջատումն էր մեզանից, դրանց մերժումը։ Մենք ոչ փրկիչ էինք, ոչ էլ իմաստուն։ Ուղղակի մարդիկ էինք, որոնք հրաժարվում էին ընդունել դառը իրականությունը, ու դա պատրաստ էինք անել նույնիսկ հարվածների ու մուննաթի ներքո, առանց պատասխանելու։
Համեստությունն ամենակարևոր բաներից մեկն է քաղաքականության մեջ ու, ընդհանրապես, կյանքում։ Հուսով եմ, սա մի օր կհասկանան ԱԺ նիստերի ժամանակ ամբիոնից մերթընդմերթ դուխով մուննաթ եկող ու շարունակ ինքնագովաբանվող մեր որոշ ընդդիմադիր գործընկերներ։