Դիլիջանում անձրևաջրերից հետո խմելու ջուրը ոչ պիտանի է դառնում. Սարգիս Ալեքսանյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Ալեքսանյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ վերջին օրերին կրկին քննարկումների առանցքում հայտնված մի խնդրի: Նա նշեց՝ Դիլիջանում անձրևաջրերից հետո խմելու ջուրը ոչ պիտանի է դառնում, ապա հետաքրքրվեց՝ ի՞նչ լուծումներ ունեն սրա դեմ:
Պատասխանի համար ամբիոնի մոտ հրավիրվեց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, ով նշեց.
«Հերթական անգամ այսպիսի հարցին ես եմ գալիս պատասխանելու, միգուցե նրա հետ է կապված, որ, իրոք, ծրագրեր ունենք անելու՝ Դիլիջանի հետ կապված: Ծրագիր է հաստատվել, որի կեսը «Դիլիջան» ազգային պարկի հարակից համայնքներում կծախսվի, մյուս կեսը՝ Խոսրովի անտառի, կատարվելու են հետևյալ աշխատանքները՝ ջրագծերի վերանորոգում, արևային էներգետիկայի ներդրում, բիզնեսի աջակցման ծրագրեր, առնվազն այդ ծրագրի շրջանակներում որոշ աշխատանքներ նախատեսված են»:
Գրիգորյանը, սակայն, նշեց՝ այսօրվա իրավիճակի դեպքում հարցի հասցեատերը ջրային կոմիտեն է, ուղղորդեց գրավոր հարցմամբ դիմել նրանց: