Մեկը փորձի գյուղերում դանակով, զենքով հարց լուծել, ոչ միայն ասֆալտին կփռենք, այլև պատերով կտանք․ Փաշինյան
Հայաստանի գյուղական համայնքներում, օրինակ` Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպերին, եթե կառավարությունը միջամտեր, ասուլիսներ կհրավիրվեին, դատապարտումներ կլինեին։ Իսկ հիմա, երբ չի միջամտել, ասում են՝ ո՞ւր է, կառավարությունն է։ Այս հակասությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ԱԺ-ում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս։
Պատգամավորի հարցը վերաբերում էր նրան, որ գյուղերից մեկում պահանջում են համայնքի ղեկավարի հրաժարականը, և ցուցարարների մոտ դանակներ են նկատվել։ Փաշինյանն ասաց, որ ոստիկանությանը կրկին հիշեցնում է, որ չպետք է թույլ տրվի բռնությամբ հարցեր լուծել։
«Բոլոր նրանք, ովքեր կփորձեն բռնությամբ հարցեր լուծել, իրենք բանտում են հայտնվելու, տարբերակ չունեն։ Որևէ մեկը հանկարծ չփորձի Հայաստանում դանակ, զենք, բան խաղացնել։ Կներե´ք, էլի կրկնո´ւմ եմ․ ոչ միայն ասֆալտին կփռենք, այլև պատերով կտանք։ Որևէ մեկը հանկարծ չփորձի դանակով կամ այլ բանով հարցեր լուծել։ Եթե նույնիսկ միջադեպեր կլինեն, որ ինչ-որ մարդիկ ինչ-որ կապեր օգտագործելով կպլստան էս մի քրեական գործից, մենք հաջորդ պահին վզներից բռնելու ենք։ Որևէ մեկը չփորձի դանակ խաղացնել, գողական խաղացնել Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով Զարթոնքում տեղի ունեցածին` Փաշինյանն ասաց, որ հիմա մտածում են, որ պրոակտիվ պետք է լինեն, և որտեղ անհրաժեշտ է, քաղաքական միջամտություն ցույց տան։