Էս տեմպերով դուք դժվար իշխանություն դառնաք. Դանիելյանը՝ Մարուքյանին
«Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը, արձագանքելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին, նշեց.
«Պարոն Մարուքյանի մոտ մոլորություն կա վերահսկողության շուրջ, եթե իրեն թվում է՝ օրենսդիրի վերահսկողության մեջ մտնում է, թե գործադիրի որ կադրին ինչպես հանել-տեղավորել, ապա այստեղ դուք արդեն ոչ թե վերահսկողության, այլ կանտրոլի ու իշխանության մասին եք խոսում, ու մի ճյուղը անցնում է մյուսին: Հարցս այլ բանի մասին է: Դիցուք, պատգամավոր X-ը իր շուրթերով հարց տալուց հետո, իր կուսակիցների, այլ մարդկանց կողմից հարց տալուց հետո այս նույն սրահում բազմիցս լսել է այդ պատասխանը, որ կրճատվողների թիվը մի քանի տասնյակ է, հետո ամբիոնից տասնյակ հազարի մասին է խոսում, ինչպե՞ս կանվանեք այդ պատգամավորի վարքագիծը»:
Մարուքյանն արձագանքեց.
«Պարոն Մարուքյանը կամ ես եթե մոլորության մեջ եմ, թողեք՝ մնամ մոլորված: Դուք, երբ կդառնաք ընդդիմություն, անմոլոր կվերահսկեք գործող իշխանությանը: Հուսով եմ՝ էդ ժամանակ մենք կլինենք իշխանություն: Ես փոխվարչապետի և պարոն հարգարժան նախարարի կողմից ստորագրված նամակ եմ հրապարակում՝ 10 հազար հավելյալ արժեք չստեղծող անձինք կդառնան գործազուրկ, հարցնում եմ՝ տա՞սը հազար են, թե՞ տասնյակ հազար»:
Դանիելյանը նշեց՝ ինչ վերաբերում է թվին, որ բազմիցս հնչեցվել է, նաև այսօր առավոտյան և հաստատ 100-ավոր անգամ պակաս է եղել, քան 10 000 ը, ուստի մեջբերում անելիս լավ կլինի հատվածաբար չմեջբերել:
«Էս տեմպերով դուք դժվար իշխանություն դառնաք»,- արձագանքեց Դանիելյանը:
Մարուքյանն էլ նշեց, որ այն, ինչ անում են, իրենց պատկերացրած քաղաքական մշակույթի մեջ են անում, և դա դասական ընդդիմադիր գործունեություն է:
«Եթե դա ձեզ դուր չի գալիս, նորմալ է, մյուս ընտրություններին մի քիչ հակաքարոզչության թեզը կաճացնեք, կարող է՝ ազդի, քիչ ձայն տանենք, կարող է՝ չտանենք: 5 տարի դեռ դուք եք»,- ասաց նա: