Այժմ էլ առկա են այդ հիմքերը, որ Ռոբերտ Քոչարյանը մնա կալանքի տակ. Արթուր Դավթյան
«Մենք տեսել ենք հիմքեր և այժմ էլ առկա են այդ հիմքերը, որ Ռոբերտ Քոչարյանը մնա կալանքի տակ, այդ իսկ պատճառով էլ վարույթ իրականացնող մարմինը կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել»,- ապրիլի 17-ին, լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Նրա խոսքով` դեռևս առկա են օրենքով նախատեսված կալանավորման հիմքերը, հատկապես շեշտադրվել է հնարավոր ապօրինի ներգործությունը, որը ևս թե´ առաջին ատյանի, թե´ Վերաքննիչ դատարանի կողմից հաստատվել է:
«Այդ հիմքը կիրառել է և գործում է ոչ միայն նախաքննության փուլում, այլև դատաքննության փուլում, որովհետև ինչքանով որ հնարավոր է նախաքննության ընթացքում վկայի վրա տեսականորեն ներգործություն ունենալ, այնքան էլ հնարավոր է դատաքննության փուլում ունենալ»,- ասաց Արթուր Դավթյանը:
Հարցին, թե պաշտպանական կողմը դժգոհություն էր հայտնում, որ ժամանակի սղության պատճառով չեն կարողացել ամբողջությամբ ծանոթանալ գործի նյութերին, գլխավոր դատախազը պատասխանեց.
«Պաշտպաններից բովանդակային առումով այդպիսի մեծ դժգոհություն չենք ունեցել: Առկա է պաշտպանական թիմ, ովքեր, մեր գնահատմամաբ, տրված ժամականակի սահմաններում կարող են լիարժեք ծանոթանալ և ապահովել պաշտպանությունը: Որքան էլ հանրությանը տեսանելի է, վատ չեն իրականացնում պաշտպանությունը»,- նշեց նա: