«Որևէ մեկը չի կարող մեզ հետ «ռազբորկա» անել. Էդմոն Մարուքյան
Այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նախորդ օրն ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հետ ունեցած բանավեճին և այն լուրերին, թե հետո նաև «ռազբորկա» է եղել:
«Դահլիճից դուրս ենք եկել, խոսել ենք, որ տարընթերցումներ չլինեն, որովհետև կողմերն իրար սխալ էին հասկացել: Գևորգ Գորգիսյանը մեծ հաշվով չէր ընդհատել, այլ տեղից ինչ-որ միտք էր ասել, որն իրեն չէր վերաբերվում, այլ մեզ էր վերաբերվում»:
«Որևէ մեկը չի կարող մեզ հետ «ռազբորկա» անել, որևէ մեկը չի կարող մեզ հետ «ռազբորկաների» լեզվով խոսել: Էդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Հա եկել էր, խոսել ենք, բայց դա «ռազբորկա» չէ, դա արդեն ձեր մեկնաբանություններ են»,- նշեց Մարուքյանը:
«Հարաբերությունները չէին խաթարվել, որ հարթվեին: Քաղաքական ամբիոնից էմոցիոնալ ելույթներ են լինում, այսօր էլի եղան և միշտ լինելու են: Դրանք բանավեճեր են: Մարդիկ քարից չեն, ռոբոտներ չեն, և, այո՛, մարդիկ լինում են էմոցիոնալ: Նայեք աշխարհի բոլոր պառլամենտների ելույթները, որևէ մեկը ռոբոտի պես չի խոսում: Մենք ընդդիմադիր ուժ ենք, մեր գործով ենք զբաղված: Լավ բանա, ասում ենք, լավա բանա՝ կողմ ենք: Վատ բանա, ասում ենք՝ վատ բանա, առաջարկություններ ենք անում: Մենք հո մերկապարանոց չե՞նք քննադատում: Առաջարկությունը բերել ենք, չէ՞: Սա է ընդդիմադիր Հայաստանը: Սովորե՛ք: Նոր Հայաստանում էսպես պետքա լինի»:
Լրագրողները նաև փորձեցին պարզել` արդյո՞ք Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանին կհարցնի, թե ուժային մարմինների կարգավիճակի փոփոխության հետ կապված իր խոստումը ինչո՞ւ չի պահել, ինչպես ժամանակին հարցնում և հիշեցնում էր Սերժ Սարգսյանին խոստումը չպահելու մասին: Մարուքյանը վստահեցրեց՝ հարց-պատասխանի ժամանակ արդեն նախատեսել են հարցնել:
«Էդ հարցն արդեն դրված է քաղաքական ամենաբարձր հարթակում: Էդ հարցին էսօր 88 հոգի չպատասխանեց, մնաց 1 հոգի»:
Էդմոն Մարուքյանը պատասխանեց նաև նախորդ օրը ՍԴ դատավորի պաշտոնում Գոռ Հովհաննիսյանի թեկնածության շուրջ քվեարկությանը:
«Մենք ընտրել են Գոռ Հովհաննիսյանին, որովհետև գտնում ենք, որ նա կարող է լինել անկախ, անաչառ ՍԴ դատավոր: Նա կապ չուներ ո՛չ նախորդ իշխանությունների հետ, ո՛չ ներկա: Ծառայություններ չէր մատուցել ո՛չ նախորդ իշխանություններին, ո՛չ ներկա: Կարողա մի քիչ հռետորական արվեստին չէր տիրապետում, բայց նա լավ իրավաբան- գիտնական է, և առանձին հանդիպման ժամանակ էլ համոզվել էինք, որ կարող է լինել ՍԴ լավ անդամ: Ես դեռ երեկ ԱԺ նախագահին ասացի, եթե այս մարդն արդեն թեկնածու է, դուք գրանցել եք թեկնածու, ուրեմն մենք մասնակցում ենք քվեարկությանը: Եվ եթե թեկնածու ա, ինչի՞ եք վիճարկում թղթերը: Ես հարցուպատասխանից հասկացա, որ տրամադրվածություն կար, բայց չհասկացա, թե ինչու, կարող եք ճշտել իրենցից»: