Սկզբում ընտանիքս քանդեցիք, հետո հարաբերություններս. զոհված ոստիկանի կնոջ ցուցմունքը
ՊՊԾ գնդի գրավման գործով դատարանում այսօր ցուցմունք են տվել զոհված ոստիկանների այրիները: Յուրի Տեփանոսյանի այրին` Արփինե Թումասյանը, պատմեց, որ ամուսինը ոստիկանություն ծառայության է անցել 2016 թվականի հոկտեմբերին: Ասաց, որ ամուսինը նպատակներ ուներ, որոնք մնացին անկատար` նա մտել էր ծառայության, որպեսզի դրանք իրագործեր:
Թումասյանը պատմեց, որ ամուսինը ՊՊԾ գնդի գրավման օրը եղել է արձակուրդում: Դեպքի պատճառով նրան արձակուրդից կանչել են ծառայության: Տեղեկացրեց` ամուսնու հարաբերությունները հրամանատար Գուրգեն Գրիգորյանի հետ շատ լավ են եղել, նույնիսկ պլանավորել էին իրենց երեխաների քավորը նրան դարձնել:
Դատավոր Մեսրոպ Մակյանի այն հարցին, թե արդյոք սկեսրայրի հետ ընտանիքում խոսակցություն չի եղել այն մասին, թե ինչու է վերջինս պնդում, որ իր որդուն սպանել են ոչ թե զինված խմբի անդամները, այլ ոստիկանները, Արփինե Թումասյանն ասաց, որ սկեսրայրի հետ հարաբերությւնները լարվել են այդ հարցի վերաբերյալ տարակածությունների պատճառով:
Հիշեցնեք՝ այսօր դատարանում հրապարակվեց զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հոր՝ Վահրամ Տեփանոսյանի տրամադրած սկավառակը, որտեղ ԶԼՄ-ների հետ հարցազրույցում վերջինս պնդում է, թե իր որդուն սպանել են ոստիկանները: Զոհված ոստիկանի հայրը Խոստանում է նաև երեք տասնյակ ապացույց ներկայացնել դատարան:
«Սկզբում ընտանիքս քանդեցիք, հետո հարաբերություններս»,- հայտարարեց Արփինե Թումասյանը` դիմելով ամբաստանյալներին:
Դատավոր Մեսրոպ Մակյանը ճշտեց կնոջից, թե նրա կարծիքով ինչու է սկեսրայրը այդպիսի կարծիք հայտնել: Արփինե Թումասյանն ասաց, երբ ամբաստանյալները հայտնվեցին ազատության մեջ, այդ ժամանակ էլ Վահրամ Տեփանոսյանը սկսեց այդպիսի կարծիք տարածել:
Ամբաստանյալներից մեկի ռեպլիկին ի պատասխան, թե ով է մեղավոր, որ նրա ընտանիքը քանդվել է, Թումասյանը պատասխանեց.
«Կողքիդ նստած անասունն է մեղավոր, ո՞վ է մեղավոր»: