Ձեր ներկայացրածն առաջարկ չէր, այլ հայեցակարգ. Վլադիմիր Վարդանյանը՝ «Լուսավոր Հայաստանին»
«Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը, ապրիլի 17-ին ելույթ ունենալով խորհրդարանում, դիմեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությանն ու մասնավորապես խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ նշելով.
«Հանձնաժողովի նիստը, օրը, ժամը որոշվել է՝ համաձայնեցնելով Ձեր խմբակցության ղեկավարի հետ, հաշվի առնելով երկու հանգամանք, որ մենք ի սկզբանե որդեգրել ենք այն որոշումը, որ ցանկացած ձայն հանձնաժողովում պետք է լսելի լինի: Ձեր խմբակցությունը միակ խմբակցությունն էր, որ ներկայացրել էր առաջարկներ՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության» ծրագրի վերաբերյալ: Երկրորդ՝ այն փաստաթուղթը, որ ներկայացվել է խմբակցության կողմից, իրականում ոչ թե առաջարկություն էր, այլ հայեցակարգ. դա այլընտրանքային նախագիծ էր: Պարոն Մարուքյանի հետ խորհրդակցելուց հետո որոշեցինք, որ նա դա կներկայացնի որպես առանձին առաջարկ, որ հնարավոր կլինի հանձնաժողովի նիստում քննարկել և քվեարկության դնել»:
Վարդանյանի ելույթից հետո, ԱԺ խմբակցությունների ղեկավարներին ելույթի իրավունք տալուց առաջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց՝ հարցից հարց լինում են պատգամավորներ, որ մոտենում ու արտահերթ ելույթ են խնդրում: ԱԺ նախագահն ընդգծեց՝ անկախ նրանից, թե որ խմբակցությունից են այդ պատգամավորները, այդպիսի ելույթներ չեն գրանցվում: Միրզոյանն ասաց՝ ելույթները գրանցվում են միայն այն դեպքում, երբ պատգամավորը մոտենում է քարտուղարությանն, ասում՝ կոճակը չի աշխատել:
«Չի կարելի նստել, սպասել, որ 10-րդ հարցից հետո միտք առաջանա ու ասեն՝ ուզում ենք խոսել»,- ասաց նա: