Տրանսպորտային նոր ցանցը՝ այդ թվում մարզերում, ներառելու է նոր բնակավայրեր
Տարիների ընթացքում մեր տրանսպորտային ցանցը բավարար չափով չի զարգացել եւ մենք չենք կարողանում ապահովել մեր քաղաքացիների՝ պատշաճ մակարդակով տեղաշարժը: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը՝ ընդգծելով, որ ոլորտը նախարարության ուշադրության կենտրոնում է:
Անդրադառնալով միասնական տրանսպորտային համակարգի ներդրմանը՝ Արշակյանը նշեց, որ տրանսպորտային նոր ցանցը՝ այդ թվում մարզերում, ներառելու է նոր բնակավայրեր։ «Հիմա ուղեւորահոսքի հաշվարկների ճշգրտում է տեղի ունենում, թե ինչ տիպի եւ քանակի տրանսպորտային միջոցներ են անհրաժեշտ եւ ինչ հաճախությամբ դրանք պետք է շարժվեն։ Ինֆորմացիան հավաքագրման փուլում է։ Մայիսին արդեն կունենանք ամբողջական պատկերը, իսկ դրանից հետո կանցնենք մոդելավորման փուլին»,- ասաց նախարարը:
Արշակյանը նշեց, որ միասնական տրանսպորտային համակարգը նախատեսում է հետեւյալը. պետք է միասնական տոմսային համակարգ ներդրվի, որպեսզի քաղաքացին մի կետից մյուսը գնալու համար հստակ պատկերացնի, թե որտեղ պետք է իջնի, ինչ այլ տրանսպորտ նստի եւ երբ տեղ հասնի։
Հարցին, թե ինչպես է տեղի ունենալ օպերատորների բաշխումը, նախարարը պատասխանեց, որ կախված է կոնկրետ ուղղությունների եկամտաբերության աստիճանից. «Այդ հաշվարկը նույնպես կատարվում է, այսինքն, հասկանալի է դառնում՝ այս կամ այն ուղղությունը եկամտաբեր է, թե՝ ոչ»,- ասաց Արշակյանը: