Միհրան Պողոսյանի բնակության հասցեի վերաբերյալ տեղեկությունը կփոխանցվի ՌԴ իրավապահներին
Նախկին պագամավոր Միհրան Պողոսյանին և Մարտի մեկի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին հայտնաբերելը այլ երկրների օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնող մարմինների գործառույթի տիրույթում է: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասախնելով NEWS.am-ի այն հարցին, թե ի՞նչն է խանգարում իրավապահներին՝ հայտնաբերելու նրանց:
Նշենք, որ հետախուզման մեջ գտնվող երկու նախկին պաշտոնյաներն էլ հայտնել են իրենց գտնվելու վայրը. նրանք ՌԴ Մոսկվա քաղաքում են:
«Մեր օպերատիվ հետախուզական մարմիններն իրենց տեղեկությունները համագործակցության շրջանակներում կարող են փոխանցել այն երկրների իրենց գործընկերներին, որոնք իրականացնում են նույն գործառույթը, այսինքն հասցեի վերաբերյալ տեղեկությունները կփոխանցվեն, հիմա թե դրանց արդյունքում որքանո՞վ է այդ երկրի օպեատիվ հետախուզական միջոցառում իրականացնող մարմինը հաջողում հայտնաբերել կամ չհայտնաբերել, դա մեր դատախազության տիրույթում չի գտնվում»,-ասաց Արթուր Դավթյանը
Հարցին, թե հնարավո՞ր է դատախազի հանձնարարությամբ քննիչ գործուղվի ՌԴ՝ տեղում հարցաքննելու այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացի հանմեղադրյալներին,Պողոսյանին և Հարությունյանին, Դավթյանը բացասական պատասխան տվեց:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Դատարանը ապրիլի 15-ին որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել գեներալին։ Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: