«100 դրամի մեջ չենք տեղավորվում». ուղեւորափոխադրողների հետ հանդիպել է փոխքաղաքապետը
Ուղեւորափոխադրող ընկերությունները հայտարարել էին գործադուլ սկսելու մասին, սակայն երեկ երեկոյան քաղաքապետարանից առաջարկել են հանդիպել եւ քննարկել հարցը։
«Քաղաքապետարանից երեկ երեկոյան ժամը 5-ին զանգահարեցին եւ ասացին, որ պատրաստ են մեզ հետ հանդիպել ու քննարկում ունենալ։ Այսօր առավոտյան 9.30–ին հանդիպել ենք փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի հետ, սպասում ենք իրենց պատասխանին։ Ժամանակի առումով մենք սահմանափակում չենք դրել։ Նա նշեց, որ մեր խնդրին ծանոթ են, տեղեկություն կտան խնդրի մասին»,- նշել է Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը։
Փոխադրողների միության նախագահի խոսքով՝ խնդիրը 100 դրամն է, որը բավարար չէ ուղեւորափոխադրողների համար. «100 դրամի մեջ չենք տեղավորվում, ասում ենք մեզ դոտացիա տվեք, վառելիքը էժան տվեք, մինչեւ նոր երթուղային ցանցը կյանքի կոչվի, դրանից հետո կաշխատեք դուք ձեր նոր ավտոբուսներով, իսկ միկրոավտոբուսները կանցնեն պատմության գիրկը»։
Հանդիպմանը քաղաքապետարանի ներկայացուցիչն ասել է, որ այդ հարցով կդիմեն կառավարությանը։ Ուղեւորափոխադրողներն սպասում են պատասխանի։