«Մեր բանակցությունները քաղաքական իմաստով ավարտված են». ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյան
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանն այսօր
«Հայկական բիզնես կոալիցիայի» և «Իրավաբանների հայկական
ասոցիացիա»-ի կողմից համատեղ նախաձեռնած հավաքին անդրադարձել է
գնումների ոլորտում առկա կարգավորման մեխանիզմներին, հնարավոր
բարեփոխումներին և այն գործիքակազմերին, որոնց կիրառմամբ
հասարակական և բիզնես դաշտի ներկայացուցիչները կարող են ներգրավվել
քննարկումներում, հանդես գալ առաջարկություններով:
Անդրադառնալով միջազգային կառույցների և գործընկեր
կազմակերպությունների հետ առնչություններին՝ փոխնախարարն ընդգծել է.
«Մեր բանակցությունները գործընկեր կազմակերպությունների հետ
քաղաքական իմաստով ավարտված են. մենք եկել ենք համաձայնության, որ
նրանք բոլորն իրենց վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին
իրականացվող ծրագրերն իրագործեն մեր երկրի գնումների օրենսդրությամբ:
Այս տեսակետից, սա պարզեցնելու է ինչպես մասնավորի «կյանքը», այնպես էլ
պետական համակարգինը»,- ասել է Կարեն Բրուտյանը:
Փոխնախարարի կողմից մատնանշվեցին նաև ոլորտին առնչվող մի շարք
հարցեր, որոնց շրջանակներում բաց և անկեղծ քննարկումները ոչ միայն
ցանկալի են, այլև կխրախուսվեն նախարարության կողմից: Նախարարության
պետական գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ
Շահնազարյանը հանդիպման ընթացքում ներկաներին հորդորեց ավելի ակտիվ
և նախաձեռնող լինել քաղաքականությունների մշակման գործընթացներում,
որովհետև քաղաքական իրողությունների փոփոխությամբ պայմանավորված՝
այսօր առավել ազատ և անկաշկանդ կարելի է գնալ ոլորտային դրական
փոփոխությունների:
Հանդիպման ավարտին ձեռք բերված պայմանվորվածության համաձայն՝
առաջարկները ՀԲԿ և ԻՀԱ կողմից կհամակարգվեն և կներկայացվեն ՀՀ
ֆինանսների նախարարության քննարկմանը: