Սիլվա Համբարձումյանը չէր ներկայացել դատարան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի քաղաքացիական հայցի քննությունը հետաձգվել է մինչև սեպտեմբեր:
Նախագահող դատավոր Էդիկ Ավետիսյանն արձանագրել է, որ պատասխանող կողմը պատշաճ ծանուցված չի եղել և չի ներկայացել դատարան:
Հիշեցնենք՝ հայցը ներկայացրել է ՀՀ երկրորդ նախագահի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և Սիլվա Համբարձումյանից երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով:
Իսկ հայցադիմում ներկայացնելու հիմքն այն է, որ 2018 թվականի նոյեմբերին մամուլի ակումբներից մեկում հրավիրված ասուլիսի ժամանակ Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր, որ 2008 թվականին խոշոր գործարք է կնքել արաբների հետ և իրեն չխանգարելու համար կաշառել է հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին: