«Դուք 15 տարվա ստաժ չունեք». Նիկոլայ Բաղդասարյանը՝ ՍԴ դատավորի թեկնածուին
«Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը, ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանին դիմելով, նշեց՝ վերջերս, երբ մի տեղ սպորտի էր ընդունվելու, իրեն ասացին՝ ինչ փաստաթղթեր պիտի ներկայացնի, և ինքն ուշադիր նայել, ներկայացրել է այդ փաստաթղթերը:
«Դուք ՍԴ դատավորի թեկնածու եք և դատավոր եք ուզում դառնալ: Ես հասկացա, որ նախագահին ներկայացրել եք փաստաթղթեր, որ ամբողջական չեն եղել, և աշխատանքային 15 տարին չի լրացել: Ես քվեարկելիս գիտեմ, որ Դուք 15 տարվա ստաժ չունեք: Հանրապետության նախագահին Դուք փաստաթղթեր եք ներկայացրել, պետք է ստուգեիք՝ պատշա՞ճ է, թե՞ ոչ, հետո ամբիոնից ասում եք՝ Ձեր ձեռքի տակ ամբողջականը չի, բայց ես տվել եմ, ուղարկել եմ, հավատացե´ք խոսքիս: Հավատալով կարելի՞ է քվեարկել»,- հարց ուղղեց նա:
Հովհաննիսյանն արձագանքեց՝ նշելով, որ չի ասել՝ հավատան իր խոսքին, այլ՝ որ ներկայացրել է փաստաթղթերը, պատճեններն ունի ու կարող է տրամադրել:
«Ոչ թե անփույթ եմ եղել, Ձեր բարձրացրած պրոբլեմն այն է, որ սահմանադրության 165 հոդվածն այլ կերպ ենք հասկանում: Դուք ուզում եք իրար հետևից գումարել ու 15 տարին ստանալ, ես մասնագիտական փորձառությունն այդպես չեմ հասկանում: Մասնագիտական փորձառությունը ձեռք բերած գիտելիքների ու հմտությունների ամբողջությունն է, մարդը ինչքան շատ է աշխատել, այնքան փորձառու է: Իմ ներկայացրած աշխատանքային պայմանագրերի հիման վրա իմ աշխատած ժամանակահատվածները եթե գումարեիք, 15 կստանայիք: Հետո, երբ հասկացա՝ ինչպես եք մեկնաբանում այդ հոդվածը, որ ուզում եք իրար հետևից գումարելով ստանալ 15 տարին, լրացուցիչ փաստաթղթեր ուղարկեցի, որ Ձեր պատկերացրած մեկնաբանության պարագայում ևս ստանաք»,- ասաց նա: