Փայտով բեռնված երեք մեքենա է հայտնաբերվել․ ապօրինի ծառահատման դեպքեր
Ապրիլի 13-ին, ժամը
14.30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, ծառայություն
կատարելիս, բնապահպանական բնույթի հանցագործությունները կանխելու նպատակով,
ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով Դսեղ գյուղի «Ջաղացներ»
կոչվող տեղամասին հարող ճանապարհին ստուգման են ենթարկել 1969 թ. ծնված
Աշոտ Ա.-ի վարած «Իվեկո» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել մոտ 5 խմ
փայտանյութով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Աշոտ Ա.-ն փայտանյութի ձեռք բերման համար համապատասխան փաստաթուղթ չի
ներկայացրել և հայտնել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, այն ապրիլի
13-ին, ժամը 07.00-ից 13.30-ն ընկած ժամանակահատվածում, հատել է Լոռու
մարզի Եղեգնուտ գյուղին հարակից անտառից՝ տարբեր տեսակի և տրամաչափի թափված
ծառերից:
Նույն օրը, ժամը 22.10-ի սահմաններում, ոստիկանության Թումանյանի բաժնի
ծառայողները Մարց գյուղի «Իքատակ» կոչվող հանդամասում ստուգման են ենթարկել
1991 թ. ծնված Արման Հ.-ի վարած «Զիլ-130» մակնիշի ավտոմեքենան, որը
բեռնված է եղել շուրջ 5 խմ հաճարենու նմանվող փայտանյութով: Արման Հ.-ն
փայտանյութի ձեռք բերման համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և
հայտնել է, որ փայտանյութը պատկանում է հորը, որը նա ապօրինի պատրաստել է
ապրիլի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Մարց գյուղի «Իքատակ» կոչվող
հանդամասից՝ բենզասղոցի գործադրմամբ հատելով 1 քամատապալ ծառ:
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ժամը 22.55-ին Մարց գյուղի
«Իքատակ» կոչվող հանդամասում ստուգման են ենթարկել 1983 թ. ծնված Սոս Մ.-ի
վարած «ԳԱԶ-66» առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որը բեռնված է
եղել շուրջ 3 խմ լորենու նմանվող փայտանյութով: Սոս Մ.-ն փայտանյութի ձեռք
բերման համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ
փայտանյութը պատկանում է համագյուղացի 1977 թ. ծնված Ռոբերտ Ա.-ին, ով այն
ապօրինի պատրաստել է ապրիլի 13-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Մարց գյուղի
«Իքատակ» կոչվող հանդամասից՝ բենզասղոցի գործադրմամբ հատելով 1 հատ
քամատապալ և 1 հատ կանգուն ծառ:
Փայտանյութով բեռնված ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել են մասնագիտական ստուգումներ: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր: