Մինչ Թրամփին հանդիպելը Կիմ Չեն Ընը կարող է հանդիպում ունենալ Պուտինի հետ
Ապրիլի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է այցելել երկրի հեռավորարևելյան շրջաններ, որտեղ մասնակցելու է ներռուսաստանյան միջոցառումների։ Այդ օրերը համընկնում են Հյուսիսային Կորեայի առաջնորդի այցելությունների հետ, ու հավանական է, որ այդ ժամանակ հանդիպում կկազմակերպվի երկու ղեկավարների միջև։
Բանն այն է, որ ապրիլի 26-27-ին կայանալու է Հյուսիսային Կորեայի ղեկավարի այցը Չինաստան, իսկ նրա ճանապարհն անցնելու է հենց Ռուսաստանով։ Պուտինի ու Կիմի այցերի միջև ընկած շրջանում`ապրիլի 25-ին, հավանական է նրանց հանդիպումը Ռուսաստանի ամենաարևելյան խոշոր քաղաքում՝ Վլադիվոստոկում, որը շատ մոտ է նաև կորեական սահմանին։
Ռուսաստանի ու Չինաստանի ղեկավարների հետ հանդիպումներից հետո սպասվում է Կիմ Չեն Ընի հանդիպումը նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ․ սա լինելու է նրանց երրորդ հանդիպումը, թեև վերջնական պայմանավորվածություն առայժմ չկա։