Ֆինլանդիայի խորհրդարան են անցել ռեկորդային թվով կին պատգամավորներ
Ֆինլանդիայում երեկ կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձայների 17.7%-ով հաղթող է ճանաչվել Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը կստանա 40 մանդատ: Известия-ի փոխանցմամբ՝ սա 20 տարվա ընթացքում նրանց առաջին հաղթանակն է:
Ձայների 17.5%-ով երկրորդ տեղում է հայտնվել ազգայնական «Իրական ֆիններ» կուսակցությունը, որը նույնպես ներկայացնում է ընդդիմությունը:
Նախկին իշխող կուսակցությունն ընտրություններում կորցրել է 18 մանդատ:
ԶԼՄ-ներն արձանագրում են նաև այն փաստը, որ Ֆինլանդիայի 200 տեղանոց խորհրդարանում պատգամավորներից 92-ը կլինեն կանայք: Ընտրություններում հաղթող ճանաչված սոցիալ- դեմոկրատները խորհրդարանում կունենան 22 կին պատգամավոր՝ իրենց ունեցած մանդատների կեսից ավելին:
Սա ռեկորդային թիվ է Ֆինլանդիայի համար: Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2011թ.-ին, երբ խորհրդարան էր անցել 85 կին: