Ֆինլանդիայի խորհրդարանական ընտրություններում հաղթում են սոցիալ-դեմոկրատները
Ընդդիմադիր
սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն առաջատարն է Ֆինլանդիայում
խորհրդարանական ընտրություններին քվեաթերթիկների 51.3 տոկոսի հաշվարկի
արդյունքներով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով երկրի արդարադատության
նախարարությանը:
Երկրորդ տեղում է Ազգային կոալիցիոն կուսակցությունը ձայների 16.4
տոկոսով, երրորդում՝ ընդդիմադիր «Իրական ֆիններ» կուսակցությունը՝ 15.9
տոկոսով: Այնուհետեւ իշխող «Ֆինլանդական կենտրոն» կուսակցությունը՝ 15.7
տոկոսով:
Մնացած կուսակցությունները հավաքել են ձայների 10 տոկոսից պակաս.
ընդդիմադիր «Ձախ միություն»-ը՝ 8.6 տոկոս, Քրիստոնեական դեմոկրատական
կուսակցությունը՝ 4.4 տոկոս: Կառավարական «Կապույտ ապագան» հավաքել է 0.9
տոկոս եւ միակն է, որը չի ներառվի խորհրդարանի նոր կազմում:
Ընտրությունների արդյունքում պարզ կդառնա երկրի 200-տեղանոց միապալատ
խորհրդարանի կազմը, կձեւավորվի նոր կառավարությունն ու կնշանակվի
վարչապետը: Ընդանուր առմամբ ֆիններն ընտրում էին 19 կուսակցությունների
շուրջ 2.5 հազար թեկնածուների միջեւ:
Նախորդ ընտրությունները կայացել էին 2015 թվականի գարնանը: Դրանց
արդյունքում ձեւավորվել էր երեք կուսակցությունից կազմված կառավարություն,
որի կազմում էր «Ֆինլանդական կենտրոնը», Ազգային կոալիցիոն կուսակցությունն
ու «Իրական ֆինները»: 2017 թվականին ներկուսակցական պառակտման արդյունքում
«Իրական ֆիններն» անցել էին ընդդիմության շարքերը, իսկ նրանցից
առանձնացված «Կապույտ ապագան» մնացել էր իշխանության կազմում: