Վենեսուելայի «նոր կառավարությունը» ֆինանսական միջոցներ են խոստացել
Ֆինանսների նախարարների խումբը մշակում է 10 մլրդ դոլարի չափով առեւտրային ֆինանսավորման փաթեթը, որը կարող է տրամադրվել Վենեսուելային տնտեսական եւ հումանիտար ճգնաժամից դուրս գալու համար, երբ կձեւավորվի նոր կառավարությունը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, հաղորդում է Reuters-ը:
Խմբում ներգրավված են 20 արեւմտյան երկրների նախարարները: «Այս շաբաթ Վաշինգտոնում հանդիպման ընթացքում նրանք պայմանավորվել են «աշխատել շուրջ 10 մլրդ դոլարի չափով ֆինանսական աջակցության կոնսորցիում ստեղծելու ուղղությամբ, որը հասանելի կլինի Վենեսուելայի նոր կառավարությանն առեւտուրը խթանելու համար»,-ասել է Մնուչինը:
Ներկայումս Վենեսուելան գտնվում է տնտեսական խորը ճգնաժամում. երկրում կա սննդամթերքի եւ դեղորայքի պակաս, ինչպես նաեւ հիպերարժեզրկում: Արտադրանքի տնտեսական ծավալը նվազում էր յուրաքանչյուր տարի՝ սկսած 2014 թվականից, եւ ակնկալվում է, որ 2019 թվականին կկրճատվի եւս 25 տոկոսով:
Ավելի քան 50 երկրներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները եւ Վենեսուելայի հարեւաններից մի քանիսը, ճանաչել են ընդդիմության առաջնորդ, Վենեսուելայի Ազգային ժողովի ղեկավար Խուան Գուայդոյին որպես երկրի ժամանակավոր նախագահ:
Ռուսաստանն ու մի քանի այլ երկրներ ճանաչում են գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին որպես պետության օրինական ղեկավար: