Սիմեոնե․ Օբլակն աշխարհի լավագույն դարպասապահն է
Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխաոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն բարձր է գնահատել թիմի սլովենացի դարպասապահ Յան Օբլակի վարպետությունը, նաեւ կարծիք է հայտնել, որ ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը չի հեռանա ակումբից։
«Օբլակը աշխարհի լավագույն դարպասապահն է։ Մեր բախտը բերեց, որ նա որոշեց խաղալ «Աթլետիկոյում» եւ հիմա մեր թիմում է։ Նա զգալիորեն բարձրացրել է վարպետությունը եւ դարձել է ավելի ուժեղ։ Երբ շատ տարիներ առաջ Օբլակը եկավ մեր թիմ, նա սկսեց հանդես գալ Չեմպիոնների լիգայում, քանի որ արժանի էր դրան իր աշխատասիրությամբ եւ առաջընթացով։
Գրիզմանը մեր ավագներից մեկն է։ Ակումբը հսկայական ջանքերի շնորհիվ է նրան պահել այստեղ։ Նա երջանիկ է Մադրիդում։ Անտուանը շատ կարեւոր խաղացող է «Աթլետիկոյում»։ Դա ինձ ստիպում է մտածել, որ նա չի հեռանա»,- 48-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
26-ամյա Օբլակը եւ 28-ամյա Գրիզմանը «Աթլետիկոյում» են 2014 թվականից։