Հնդկաստանում ամբոխը ցլի սպանության համար Լինչի դատաստանի է ենթարկել տղամարդուն
Հնդկաստանում ամբոխը Լինչի դատաստանի է ենթարկել տղամարդուն, եւս երեք մարդ վնասվածքներ է ստացել։ Ամբոխի հարձակման պատճառ է դարձել այն փաստը, որ նրանք հանել են մեռած ցլի կաշին՝ հայտնում է AFP-ը։
Կովը հնդիկների մոտ սուրբ կենդանի է։ Human Rights Watch-ի տվյալներով 2015թ․ մայիսից մինչեւ 2018թ․ դեկտեմբեր հնդիկ պարեկները սպանել են 44 մարդու՝ կովերի հետ կապված միջադեպերի պատճառով։
Վերջին միջադեպը տեղի է ունեցել Ջարկխանդ նահանգում, երբ տեղի քրիստոնեական համայնքի տղամարդիկ դաշտում հանել են ցլի կաշին։ Նրանց վրա հարձակվել են երկաթյա եւ փայտյա ձողերով զինված մարդիկ։
Հարձակման հետեւանքով երեք վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոց։ Երկու տղամարդ ձերբակալվել է սպանության մեղադրանքով, հինգը փախուստի է դիմել։
Կովի սպանությունը եւ տավարի մսի օգտագործումը անօրինական է Ջարկխանդում եւ 19 այլ նահանգներում։ Սակայն թույլատրված է գոմեշների եւ ցլերի սահմանափակ մորթը։