Զարթոնքում միջադեպի 6 տուժածներից 5-ը հիվանդանոցից դուրս են գրվել, մեկի վիճակը կայուն ծանր է. հերթապահ բժիշկ
Զարթոնքում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով Արմավիր Բժշկական կենտրոն են տեղափոխվել չորս տուժած, առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տուժողները դուրս են գրվել, եւ գնացել են ոստիկականական բաժանմունք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմավիր ԲԿ-ի հերթապահ բժիշկ Վարուժան Սաֆարյանը, նշելով, որ այս պահին հիվանդանոցում մեկ տուժող է, որի կյանքին վտանգ չի սպառնում։
«Չորս հոգուն բերել են շտապօգնությունով, երկուսն էլ տարբեր ժամերի ինքնակամ են եկել։ Հիմա հինգի վիճակը բավարար է։ Մնացել է մեկ հոգի հիվանդանոցում՝ Վարդեւան Պողոսյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Մյուսների վիճակը գնահատվում է բավարար»,- ասաց հերթապահ բժիշկը, եւ ավելացրեց, որ Վարդեւան Պողոսյանին KT-ի հետազոտության անհրաժեշտություն կա, քանի որ մետաղաձողով հարվածներ է եղել գլխին։
«Տուժողներից մեկի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի ստորին երրորդականի առաջային մակերեսի քերծվածք, մյուսի մոտ՝ աջ հոնքի եւ ստորակնակապճային շրջանի սալջարդ-վերքեր, երրորդի մոտ ձախ հոնքի սալջարդ-վերք, չորրորդ տուժողը՝ աջ սրունքի ստորին երրորդականի քերծվածք-վերքեր եւ չորրորդի մոտ՝ քթի, ձախ ականջախեցու սալջարդ-վերքեր, ձախ ուսահոդի եւ աջ թիակային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ»-ներկայացրեց Վարուժան Սաֆարյանը։