Լարված իրավիճակ Զարթոնքում․ գյուղացիները պահանջում են համայնքապետի հրաժարականը, հնչել են կրակոցներ
Այսօր առավոտյան Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել գյուղացիների միջեւ, որի ընթացքում նրանցից մեկը կրակել է որսորդական հրացանով։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ ապրիլի 13-ի վաղ առավոտյան ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Զարթոնք գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է։
Այդ ընթացքում մասնակիցներից մեկը որսորդական հրացան է գործադրել։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները կանխել են միջադեպի հնարավոր անդառնալի հետևանքները։ Բացի այդ, ոստիկանները վնասազերծել են հրացան գործադրած անձին, նրան և միջադեպի մի քանի մասնակիցների բերման են ենթարկել բաժին։
Միջադեպի մասնակից հինգ անձ դիմել է բուժօգնության։ Նրանցից երկուսի վնասվածքը, նախնական վարկածով՝ առաջացել է որսորդական փամփուշտի կոտորակից։ Տեղում ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ վերահսկում են օպերատիվ իրավիճակը։
Ըստ նախնական տվյալների՝ տուժել է երեք անձ, երեքի վիճակն էլ՝ բավարար։
Հիշեցնենք, որ երեկ Զարթոնք գյուղի բնակիչները փակել էին Արմավիր-Երևան միջպետական ճանապարհը՝ պահանջելով համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հրաժարականը:
Դեռեւս մարտից համայնքի մի քանի տասնյակ բնակիչներ պահանջում էին համայնքապետի հրաժարականը: Սակայն Սարգսյանը մեր զրույցում ասել էր, որ հրաժարական տալու մտադրություն չունի։