Արգենտինան դուրս է եկել Հարավամերիկյան ազգերի խորհրդից
Հետևելով Հարավային Ամերիկայի մի քանի այլ պետություններին՝ Արգենտինան վերջնականապես դուրս է եկել Հարավամերիկյան ազգերի խորհուրդ կոչվող կազմակերպությունից, որի սկզբնական նպատակն էր տարածաշրջանի բոլոր պետությունների միավորումը` հիմնվելով նրանց ընդհանուր անցյալի ու նմանությունների վրա։
Արգենտինական կողմը իր որոշումը հիմնավորել է կազմակերպության վերջին 2 տարվա անգործությամբ, քարտուղարության կողմից ընդունելի օրակարգից շեղվելով, անկարգությունների և ընդհանուր անընդունելի պայմաններով։
Մինչ այս նույն կազմակերպությունը լքել էին նաև Կոլումբիան, Էկվադորը, Պարագվայն ու Պերուն։ Իրական պատճառն այն է, որ կազմակերպությունը ժամանակին ստեղծվել էր հիմնականում սոցիալիստական հայացքներ ունեցող առաջնորդների կողմից, որոնք ժամանակին ղեկավարում էին Բրազիլիան, Վենեսուելան ու Արգենտինան։ Հետագայում, երբ այդ երկրներում փոխվեցին իշխանությունները, և ազդեցիկ դարձան ազգայնականները, կազմակերպությունը այլևս չէր բավարարում նրանց պահանջները։
2019 թվականի մարտին հարավամերիկյան մի քանի երկրներ ստեղծեցին նոր կազմակերպություն՝ Հարավային Ամերիկայի զարգացման ֆորումը, որն էլ պետք է փոխարինի լքված կազմակերպությանը։ Նոր կազմակերպությանն արդեն իսկ անդամակցում է տարածաշրջանի 8 պետություն՝ Արգենտինան, Բրազիլիան, Էկվադորը, Կոլումբիան, Չիլին, Պարագվայը, Պերուն և Գայանան։