Շվեդ ցեղասպանագետն այցելել է Արցախ. նրան ընդունել է Արցախի օմբուդսմենը
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ապրիլի 12-ին ընդունել է Շվեդիայի Լունդի համալսարանի դասախոս, ցեղասպանագետ Սվանտե Լունդգրենին:
Արցախի ՄԻՊ-ից հայտնում են, որ պաշտպանը ողջունել է դոկտոր Լունդգրենի որոշումը ծանոթանալու Արցախի պատմությանը եւ հակամարտության առանձնահատկություններին: Նա կարեւորել է օտարերկրացի հետազոտողների հետաքրքրությունն Արցախի հանդեպ եւ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների նկատմամբ, ինչը կբարձրացնի միջազգային իրազեկվածությունն Արցախի շուրջ:
Ա.Բեգլարյանը հակիրճ ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները եւ մարդու իրավունքների պաշտպանության վիճակն Արցախում, ինչպես նաեւ Ադրբեջանի հայատյացության քաղաքականության դրսեւորումները:
Ս.Լունդգրենն իր զորակցությունն է հայտնել Արցախի ժողովրդի ազատատենչ պայքարին՝ կարեւորելով հակամարտության խաղաղ կարգավորումը եւ Ադրբեջանի հայատյացության շարունակական քաղաքականության նկատմամբ միջազգային պատշաճ ուշադրությունը:
Հանդիպումից հետո Պաշտպանի հրավերով Ս.Լունդգրենը դասախոսություն է կարդացել Արցախի պետական համալսարանի մի խումբ ուսանողների եւ դասախոսների համար: