ՆԱՏՕ-ն խոստացել է մեծացնել ակտիվությունը Սև ծովում
Հյուսիսատլանտյան միության գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերը հայտարարել է, որ «Սեւ ծովի փաթեթը» կհանգեցնի տարածաշրջանում բլոկի ավելի մեծ
ակտիվության, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Agenzia Nova իտալական գործակալությանը:
Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների ընդունած
փաստաթղթում ներառված են Ուկրաինային եւ Վրաստանին օգնություն ցուցաբերելու
համար գործնական քայլերը: Մասնավորապես, նախատեսվում են
զորավարժություններ, տեղեկատվության փոխանակում եւ ջրային տարածքում
նավահանգիստներ այցելություններ:
«Նախեւառաջ դա նշանակում է տվյալ երկրների հետ աշխատանք ռազմածովային
պատրաստվածության եւ ափային պահպանության ուսուցման ուղղությամբ, ինչպես
նաև տեղեկատվության փոխանակման եւ անվտանգության ուժերի ուսուցում
անցկացնելու ոլորտում: Անցած շաբաթ ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ռազմածովային
խումբը (SNMG2) տեղակայվել էր Սեւ ծովում վարժանքների համար ինչպես
Վրաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ»,-նշել է Գյոթեմյուլլերը:
Անդրադառնալով ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի փոխհարաբերությունների թեմային՝
Գյոթեմյուլլերը մատնանշել է, որ միության քաղաքականությունը Մոսկվայի
նկատմամբ իրականացվում է երկու ուղղություններով. մի կողմից՝ զսպում եւ
պաշտպանություն, մյուս կողմից՝ երկխոսություն: