Երևանի բնակչի մոտ 14.000 կեղծ եվրո է հայտնաբերվել (տեսանյութ)
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը Երևանում մեծ քանակությամբ կեղծ եվրոներ է հայտնաբերել։
Ապրիլի 11-ի գիշերը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ
պայքարի գլխավոր վարչություն բերման է ենթարկվել Երևանի բնակիչ Սարգիս
Անանյանը։ Գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել,
որ Անանյանը բուքմեյքերական ընկերություններից մեկի գրասենյակում կեղծ
եվրոներով պետք է խաղադրույք կատարեր։
Նախնական տվյալներով՝ Սարգիս Անանյանը, դեռևս չպարզված այլ անձանց հետ,
բուքմեյքերական ընկերության գրասենյակում որպես խաղադրույքների վճար
իրացրել է 16 հատ 200 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամներ՝ ընդհանուր
3200 եվրո։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 8 հատ 200 եվրո անվանական
արժեքով թղթադրամ՝ ընդհանուր 1600 եվրո։ Ոստիկանները նրա բնակության հասցեի
խորդանոցից առգրավվել են 200 եվրո անվանական արժեքով 46 թղթադրամ՝
ընդհանուր 9200 եվրո։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 14.000 կեղծ եվրո ձեռք բերելու,
պահելու և մի մասն իրացնելու կապակցությամբ կատարվում է քննություն։
Սարգիս Անանյանը ձերբակալվել է։