Ստորագրահավաք՝ Լեոնիդ Ազգալդյանին Ազգային հերոսի կոչում շնորհելու պահանջով
Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանին Ազգային հերոսի կոչում շնորհելու պահանջով այսօր՝ ապրիլի 12-ին Ազատության հրապարակում ստորագրահավաք են անցկացրել մի խումբ քաղաքացիներ։
Քաղաքացիներն իրենց հետ բերել են ցուցապաստառ՝ Ազգալդյանի նկարով և նրա հայտնի «Սա Հայաստանն է, և վերջ» արտահայտությամբ։
Լեոնիդ Ազգալդյանը ծնվել է 1942 թ. Թիֆլիսում, Կամոյից տեղափոխված
Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։ 1960 թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի
անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է
Երեւանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետը եւ այն փայլուն
ավարտել ռադիոֆիզիկոսի մասնագիտությամբ։ Լեոնիդ Ազգալդյանը Ղարաբաղյան
շարժման սկզբնավորման օրից, որպես ռազմական առաջատար գործիչ, մասնակցել է
ազատագրական մարտերին։
Հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ եւ վերջնականապես կապել է
Արցախի ազատամարտի հետ, սկզբում գործելով Շահումյանի, այնուհետեւ՝
Մարտակերտի շրջաններում։ Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով
էլ 1991 թ. հունիսին, Հովսեփ Հովսեփյանի հետ միասին, նա ստեղծել է
«Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որը, թեկուզ միայն
Հայաստան-Արցախ Սփյուռք ճիգերի համադրման իմաստով, նոր որակ էր հայ
ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում եւ որի գլխավոր
հրամանատարը մնաց մինչեւ իր կյանքի վերջը։ Զոհվել է1992թ. հունիսի 21-ին
Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ։
Հետմահու պարգեւատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։