Նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է արծվաշենցիներին
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Արծվաշենի բնակիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության մամուլի ծառայությունից, լսելով արծվաշենցիների խնդիրները և մտահոգությունները՝ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ կառավարությունը կասկածի տակ չի դնում այն առանձնահատուկ կարգավիճակը, որ ունեն արծվաշենցիները` 1992թ. օգոստոսի 8-ի ռազմական գործողությունների և իրենց համայնքից բռնի տեղահանման հետևանքով։
Միաժամանակ նախարարը հայտնել է, որ Ճամբարակ համայնքում սուբվենցիայի
ծրագրերի շրջանակներում պետության միջոցների հաշվին իրականացվելու են
սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված
աշխատանքներ, իսկ սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով համայնքում
նախատեսվում է կառուցել N1 հիմնական դպրոցը, որտեղ այժմ իրականացվում է
շենքի տեխնիկական վիճակի ուսումնասիրությունը։
Հաշվի առնելով քաղաքացիների մտահոգություններն առ այն, որ համայնքում
առկա են վթարային բնակարաններ՝ նախարարը հանձնարարել է մարզպետին ձևավորել
աշխատանքային խումբ, որը տեղում կուսումնասիրի Ճամբարակում բնակվող
արծվաշենցիների սոցիալական ու բնակարանային պայմանները և կգույքագրի
ամրացման կարիք ունեցող բնակարանները։
Նշենք, որ արծվաշենցիները այսօր՝ սեպտեմբերի 20-ին կառավարության դիմաց
բողոքի ցույց էին անցկացնում՝ պահանջելով իրենք համար կառավարության 2009
թվականի որոշումով հատկացված փոխհատուցումը։
Արծվաշենցիները պահանջում էին հանդիպում վարչապետի հետ։ «Իմանանք՝ ինչ
ենք անում, եթե լուծում չտրվի, կհեռանանք Ռուսաստան։ Մեր միակ հույսը
վարչապետն է»,–նշում էին նրանք։