«Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունն ապակողմնորոշում է հանրությանը․ ՀԲՃ
Այսօր՝ ապրիլի 12-ին, «Լիդիան Ինթերնեյշնլը» ընկերությունը տարածել է
«Դատարանը պատրավորեցնում է ոստիկանությանը վերացնել ներխուժումը և
ապահովել Լիդիանի ազատ մուտքն Ամուլսարի տարածք» հաղորդագրությունը,
սակայն, կարդալով datalex.am կայքում հրապարակված վարչական դատարանի
վճիռը, պարզվում է` «Լիդիանը» հերթական անգամ ապակողմնորոշում է
հանրությանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայկական բնապահպանական
ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը:
ՀՀ վարչական դատարանի վճռում ոչ մի բառ չկա Ամուլսարի տարածք «Լիդիանի» ազատ մուտքն ապահովելու մասին, հայտարարում է ՀԲՃ-ն։
«Այնտեղ գրված է ընդամենը հետևյալը․
1. «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Ոստիկանության (ի դեմս
Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժնի) բավարարել.
Պարտավորեցնել Ոստիկանությանը վերացնելու հայցվորին սեփականության
իրավունքով պատկանող 39.740911, 45.609243 և 39.734013, 45.608475
կոորդինատներով անշարժ գույքերի տարածք կատարված ներխուժումները:
2. Ոստիկանությունից հօգուտ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բռնագանձել 4.000 ՀՀ
դրամ՝ որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
3. Սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս
հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ մինչև այդ ակտի
օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:
4. Սույն վճիռը կամովին չկատարվելու դեպքում այն կկատարվի դատական
ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի
հաշվին»:
«Ինչպես համոզվեցիք, դատանի վճռում ընդհանրապես ոչ մի հիշատակում չկա դեպի Ամուլսար տանող ճանապարհները բացելու և Լիդիանի ազատ մուտքն ապահովելու մասին՝ ինչպես, որ փորձել է ներկայացնել Լիդիանը։ Բացի այդ, նույնիսկ այս վճիռը դեռևս ուժի մեջ չի մտել, այլ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս անց՝ այն էլ միայն այն դեպքում, եթե ՀՀ ոստիկանությունը չբողոքարկի այն ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում»,- ասված է հաղորդագրության մեջ։