Սադրանքներ են, որոնք միտված են հայ-ռուսական հարաբերությունները փչացնելուն. Անդրանիկ Քոչարյան
Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, Իմ քայլը խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը անհեթեթություն է համարում հայկական որոշ լրատվամիջոցներից ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված հրապարակումներն այն մասին, որ «Հոկտեմբերի 27-ը կազմակերպել և իրականացրել են ռուսական հատուկ ծառայությունները՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ»։
«Դրանք սադրանքներ են, որոնք միտված են հայ-ռուսական հարաբերությունները փչացնելուն, այն պարագայում, երբ սկսվել է հարաբերությունների առողջացման գործընթաց։ Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները պարզապես չի ստացվի փչացնել», - այսօր՝ ապրիլի 12–ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ Հոկտեմբերի 27-ի հետ կապված իր մեղադրանքները մշտապես ուղղված են եղել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, քանի որ իր համար մինչև այժմ անհասկանալի է, թե փակ դռների հետևում ինչ են քննարկել Քոչարյանն ու Նաիրի Հունանյանը։
Պատգամավորի խոսքով՝ հայկական որոշ կայքերի միջոցով նման տեղեկատվության տարածման թիրախում ոչ միայն ինքն է, այլև Հայաստանի իշխանությունները։
«Այն, ինչ վերաբերում է երկրի անվտանգությանը, պետք չէ մտնել խարդավանքների մեջ։ Եթե այդպես է, ապա դրան պետք է միջամտեն երկրի անվտանգությունն ապահովող մարմինները», - նշեց Քոչարյանը։
Իշխանական խմբակցության պատգամավորը նկատեց, որ պաշտոնական Մոսկվայից որևէ արձագանք չի ստացել նման հրապարակումներին և կարծիք հայտնեց, որ «պաշտոնական Մոսկվան կարողանում է ֆիլտրել տեղեկությունները»։