«2019թ-ի արդյունքներով չբացահայտված հանցագործություն չկա». Քննարկում Արցախի Ազգային ժողովում
Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 12-ին Արցախի Հանրապետության ոստիկանապետ Իգոր Գրիգորյանի առաջարկությամբ հրավիրել է ընդլայնված կազմով քննարկում՝ ոստիկանության համակարգում կատարվող բարեփոխումները ներկայացնելու եւ հասարակության շրջանում ոլորտին առնչվող հարցերը պարզաբանելու նպատակով:
Հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը նշել է, որ ներկայիս հանդիպումը կազմակերպվել է նախորդ քննարկման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:
ԱՀ ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանը, խոսելով 2018թ. համակարգի գործունեության մասին եւ անդրադառնալով հանցագործությունների ցուցանիշներին, հավելել է. «2017թ. դրանց թիվը կազմել է 766, 2018-ին՝ 739, այդպիսով նվազելով 27-ով: Բացահայտումները կազմել են 97,8%: 2019թ-ի արդյունքներով չբացահայտված հանցագործություն չկա»:
Ներկայացնելով համակարգում իրականացվող բարեփոխումները՝ ոստիկանապետը առանձնացրել է շրջաններում անձնագրային ծառայության բարելավմանն ուղղված աշխատանքները՝ վստահեցնելով, որ երկու ամսվա ընթացքում այդ ծառայությունը ամբողջությամբ հասանելի կլինի հանրապետության բոլոր շրջաններում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ պատգամավոր Հայկ Խանումյանի՝ մի քանի օր առաջ ոստիկանական համակարգին ուղղված մեղադրանքներին: Մանրամասնելով իր հայտարարությունը՝ պատգամավորը նշել է, որ այն արվել է ձեռքի տակ ունենալով որոշ տվյալներ եւ բողոքներ: Հայկ Խանումյանը, ողջունելով ոստիկանական համակարգում վերջին ամիսներին կատարվող բարեփոխումները, առաջարկել է օգտագործել խորհրդարանական վերահսկողության միջոցները՝ առկա խնդիրները լուծելու նպատակով:
Ոստիկանապետ Իգոր Գրիգորյանը պատրաստակամություն է հայտնել շուրջօրյա ռեժիմում աշխատել պատգամավորների հետ՝ ունեցած տեղեկությունները ճշտելու եւ համապատասխան լուծումներ տալու համար:
Հանդիպմանը մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, ԱԺ մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների ղեկավարներ: