Լարված իրավիճակ Կոտայքի մարզում. 700-ից ավելի արծվաշենցիներ փակել են Չայնիի ճանապարհը
Կոտայքի մարզում, «Չայնիի ոլորանների» մոտ, այսօր՝ ապրիլի 12-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել. բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք բոլորը ներկայումս ադրբեջանական օկուպացիայի ներքո գտնվող Արծվաշեն գյուղի նախկին բնակիչներ են, փակել են ճանապարհը եւ պահանջում են, որ կառավարությունը վերջապես 30 տարվա մեջ առաջին անգամ ուշադրություն դարձնի իրենց պահանջներին ու խնդրանքներին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, արծվաշենցիները, որոնք ապրում են Ճամբարակում, պահանջում են, որ կորցրած հողերի դիմաց իրենց աջակցություն տրամադրվի, իրենց խնդիրներին լուծումներ տրվեն: «30 տարի է, մեք ապրում ենք Ճամբարակի տարածքում ու մինչեւ էսօր մենք նույնիսկ չունենք սեփականաշնորհված հողեր։ Մեր արտոնությունները սահմանափակ են։ 1992 թվականին ներքին կարգով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներքին հրամանով չեն թողել, որ արծվաշենցիները որեւէ քաղաքում բնակություն հաստատեն, որպեսզի Ճամբարակի սահմանները չդատարկվեն»,-ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:
Նրանք նշում էին, որ մտադիր են երթով հասնել Երեւան եւ կառավարության դիմաց պահանջել հանդիպում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Ավելի ուշ բողոքի ակցիայի մասնակիցներին հանդիպելու նպատակով ժամանել են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը, Ճամբարակ խոշորացված համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը: Նրանք փորձել են համոզել արծվաշենցիներին, որպեսզի դադարեցնեն բողոքի ակցիան եւ մի քանի հոգով ուղեւորվեն Երեւան ու հանդիպեն տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանին։
Մի որոշ ժամանակ բողոքի ակցիայի մասնակիցները հրաժարվում էին ընդառաջել մարզպետին, սակայն, հետո համաձայնել են եւ ուղեւորվել Երևան։