Փորձում են պարզել հանքարդյունահանման ընկերությունների իսկական տերերին
Օրինագծերի փաթեթն ուղղված է բնական պաշարների արդյունահանման ընկերությունների իսկական սեփականատերերի ու դրանց հետագա գրանցման պարզմանը։ Այս մասին Տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, Ընդերքի շահագործման մասին օրենսգրքում փոփոխություններ, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց մասնավոր ստորաբաժանումների, հաստատությունների եւ անհատ ձեռներեցների պետական գրանցման մասին», ինչպես նաեւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ մտցնելու օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, ապրիլի 12-ին ասել է հիմնական զեկուցող, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։
Նրա խոսքով՝ օրինագծերի փաթեթում դիտարկվում են նաեւ այդ ընկերությունների իսկական տերերի գրանցման ընթացակարգերը։ «Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ մի շարք այլ երկրների փորձն այս հարցում»,- ասել է Բաղրամյանը։
Նշենք, որ օրինագծերի փաթեթը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը։