Վթար Գորիս քաղաքում. կան տուժածներ
Ապրիլի 12-ին՝ ժամը 00:22-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Ավանգարդ 5-րդ թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes-Benz C» մակնիշի (վարորդ՝ Ա.Բ., ծնված 1992 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մայթեզրին կայանած «Mitsubishi Pajero io» մակնիշի (վարորդ՝ Ն.Թ., ծնված 1984 թ.) ավտոմեքենային:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Վ.Ա.-ն (ծնված 1993 թ.) հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: