Էկվադորում ձերբակալել են Ասանժի ընկերոջը
Էկվադորում ձերբակալել են WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին մտերիմ մարդու, Sonorama ռադիոյի հետ հարցազրույցում ասել է երկրի ՆԳ նախարար Մարիա Պաուլա Ռոմոն:
Նրա խոսքով՝ իշխանությունները նրան կասկածում են երկրի ներքին գործերին միջամտության մեջ:
«Կազմակերպությանը շատ մոտ մարդն այստեղ է բնակվում, եւ նա այս երեկոյան ձերբակալվել է Ճապոնիա թռչել փորձելիս»,- ասել է նա:
Երկրի ՆԳ նախարարը լրագրողներին հայտնել է, որ WikiLeaks-ի առանցքային անդամ եւ Ասանժին մտերիմ մարդը մի քանի անգամ ճանապարհորդել է Էկվադորի ԱԳ նախկին նախարար Ռիկարդո Պատինյոյի հետ Կոլումբիա, Իսպանիա եւ Վենեսուելա:
Դրանից բացի, նրա խոսքով՝ տեղեկություններ կան Էկվադորում բնակվող 2 ռուս հաքերների մասին, որոնք նույնպես կարող էին կապված լինել Ասանժի հետ, եւ որոնց մեղադրանքներ կառաջադրվեն:
«Ռուսական քաղաքացիություն ունեցող երկու արտասահմանցիների մասին ավելի տեղեկություններ չեմ կարող հայտնել... Նրանք մինչեւ հիմա երկրում են»,- ասել է նա:
Ասանժի փաստաբան Կառլոս Պովեդան «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ խոսքը WikiLeaks-ի հիմնադրի ընկերոջ մասին է:
«Նա ընկեր է, խորհրդական չէ, փաստաբանները չգիտեն, թե նա ինչ պատճառով է կալանավորվել, բայց ճիշտ չէ, որ օգնական է»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նա հավելել է, որ Էկվադորի իշխանությունները կալանավորվածին թույլ չեն տալիս փաստաբաններին հանդիպել: