Երևանի բնակչությունը հայտնվել է լուրջ խնդրի առաջ. իշխանությունը ժամանակին չի պայքարում լվիճների դեմ
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Երևանի քաղաքային նախկին իշխանությունների պատճառով բնակչությունը հայտնվել է լուրջ խնդրի առաջ: Երևանում տնկել են թեղի ծառեր, քանի որ դրանք էժան են ու խնամք չեն պահանջում:
Դրա հետևանքով Երևանի այգիներում հատկապես ամռան ամիսներին ծառերի տակ և թփերի մոտ հնարավոր չի լինում կանգնել կամ նստել դրանցից «թափվող» միջատների ու խեժի պատճառով:
Մասնագետների խոսքերով՝ միակ լուծումը քիմիական պայքարն է: Նախորդ տարի այդ պայքարը ուշացավ: Կարծես այս տարի եւս նույն խնդրի առաջ ենք կանգնում, քանի որ Երևանում սրսկման աշխատանքներ դեռ չեն իրականացվում: Երևանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, ասաց. «Հիմա արդեն զուգահեռ որոշ տեղերում բուժումներ կսկսվեն, հենց անձրևային շրջանը կավարտվի, անմիջապես կսկսենք դեղերով մշակել»:
Նա նաև մեկնաբանել է, որ այդ խնդիրը թեղի ծառատեսակի դեպքում է, իսկ Երևանում թեղիները շատ են: «Հիմա դրանց դեմ պետք է արվի, խնամք՝ էտի տեսքով և հատուկ դեղերով մշակելով: Երկուսն էլ լիարժեք իրականացնելու ենք: Բայց գլոբալ խնդրի կարգավորումը միայն ծառատեսակի փոփոխությունն է»: