«Եթե որևէ մեկը փորձի վառել ինչ–որ մեկին, շատ արագ կհայտնվի բանտում». Փաշինյանը՝ Վարդան Ղուկասյանին
Խնդիրները եւ արձագանքները լավ հասկանալու համար մենք պետք է խորանանք դրանց պատճառների մեջ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, Ստրասբուրգի հայ համայնքի
ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝
անդրադառնալով ԱԺ–ում տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթից հետո
ծավալված իրադարձություններին։
«Սակայն մի բան կա, որ չենք կարող վիճարկել՝ ՀՀ բոլոր քաղաքացիները
ունեն իրավունքներ։ Եթե մենք որեւէ զրկենք իրավունքից, վերջում կստացվի, որ
միայն իշխանություններն իրավունք ունեն ու հեղափոխությունն անիմաստ
կլինի»,–ասաց նա։
Խոսելով Աժ պատգամավոր Վարդան Ղուկասյանի դիտարկմանը, թե
տրանսգենդերներին պետք է վառել, Փաշինյանն ասաց. «Եթե վառելու լինենք,
կոռումպացվածներին պե՞տք է վառենք, ընտրությունները կեղծածներին պե՞տք է
վառենք, թե չէ։ Ես կարծում եմ՝ ոչ մեկին չպետք է վառենք։ Այսօր Հայաստանում
մահապատիժը վերացված է, այս որոշումը ընդունվել է Եվրոպայի խորհրդին մեր
անդամակցության շրջանակներում։ Հետեւաբար, մեր քաղաքական բառապաշարը պետք է ճշգրիտ լինի։ Ես միայն մի բան կարող եմ ասել՝ եթե որեւէ մեկը փորձի վառել
մեկ ուրիշին, շատ արագ կհայտնվի բանտում»։
Նիկոլ Փաշինյանը հիշեց, որ Վարդան Ղուկասյանի դեմ ժամանակին մահափորձ է
կատարվել եւ նշեց, որ պետք է բացահայտվի մահափորձ կատարողը եւ
պատասխանատվության ենթարկվի. «ԱԺ պատգամավորը խոսում է, հետո հարց է
առաջանում՝ այդ պատգամավորը հասկանում է՝ ի՞նչ է խոսում։ Այդ նույն
պատգամավորի նկատմամաբ ժամանակին մահափորձ է եղել։ Ինչ–որ մեկն ասել է՝
դրան պետք է գյուլել, հիմա ճի՞շտ է արել իր տրամաբանությամբ, իհարկե ոչ։
Մենք հիմա կփորձենք պարզել, թե ով է այդ պատգամավորի դեմ մահափորձ արել եւ
դատապարտել»։