Վանևանի բնակիչը վրան է խփել գյուղապետարանի առջև և երեք օր է՝ հացադուլ է անում
Գեղարքունիքի մարզի Վանևան համայնքի 50-ամյա բնակիչ Ատոմ Մկրտչյանը արդեն երրորդ օրն է՝ հացադուլ է անում, պահանջելով՝ 30 տարվա գյուղապետ Նորայր Հարությունյանի հրաժարականը:
Այս մասին ասաց համայնքի ավագանու անդամ Գոհար Գալստյանը: Նա նշել է, որ համայնքում տասն ամիս առաջ եղել է գյուղապետի ընտրություն, և վերընտրվել է Նորայր
Հարությունյանը։
«Հիմա էս մարդը տասը ամսվա ընթացքում մի անգամ ավագանու նիստ չի արել,
մի հատ երդման արարողություն է արել ու վերջ: Կուսակցությամբ՝ քամելեոն է.
որ ժամանակ ինչ կուսակցություն եղավ իշխանության՝ դրանից է»,- ասաց Գոհար
Գալստյանը:
Ըստ ավագանու անդամի՝ գյուղի ջրագծի խողովակները գյուղապետը հանել,
տարել է, յուրացրել է գյուղտեխնիկան, աշխատում է առանց համայնքի զարգացման
ծրագրի, համայնքի արտադրական տարածքներն ամբողջությամբ գաղտնի աճուրդով
վաճառել է, այդ ճանապարհով սնանկացրել է գյուղացիներին, դրա համար էլ
համայնքի բնակիչը դիմել է հացադուլի տարբերակին. «Ապացույցներ էլ կան,
հիմքեր էլ կան, փաստաթղթերով ամեն ինչ կա: Որտեղ դիմել ենք՝ պատասխան չի
եղել, վերջում դիմեցինք մարզպետարան՝ լռվեց, մնաց: Էլ չգիտենք՝ որտեղ
բողոքենք, հիմա էլ էս մարդը գնացել է ծայրահեղության: Գյուղապետն էլ ասում
է՝ մեռնում ես մեռի, պետքս էլ չես»,- պատմեց նա:
Գոհար Գալստյանի խոսքով՝ Ատոմ Մկրտչյանը տասը ամիս է՝ գյուղապետի
հրաժարականը պահանջող համագյուղացիների հետ դիմել է և՛ մարզպետարան, և՛
տարածքային կառավարման մարմին, նամակներ գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին,
սակայն դեռ արձագանք չկա:
Գոհար Գալստյանն ասաց, որ ավագանու անդամներից երեքը դեմ է եղել
գյուղապետի վերընտրմանը: Վեց ամսվա ընթացքում գյուղապետի ծրագիրը չի
ներկայացվել, և ավագանին անվստահություն է հայտնել նրան:
NEWS.am-ի հետ զրույցում գյուղապետն ասաց, որ այս երեք օրվա ընթացքում
փորձել է հացադուլ անողի հետ հաշտության եզրեր գտնել, սակայն Ատոմ
Մկրտչյանը չի ուզում. «Ինքը երեք դատվածություն ունի: Գյուղապետարանից քսան
մետրի վրա է իր պալատկան, ամեն օր էլ մոտենում եմ իրեն»,- ասաց
գյուղապետը, և նշեց, որ սուտ լուրեր են, թե ինքը ծրագիր չունի, խնդիրն այն
է, որ ավագանու անդամները բյուջեն և կանոնադրությունը չեն ընդունել:
Նրա խոսքով՝ ինքն ավագանու նիստ միշտ հրավիրել է, սակայն ավագանու անդամները բոյկոտել են։
« Ներկայանում էին, պահանջում համայնքի ղեկավարի հրաժարականը, և դուրս
էին գնում՝ առանց մասնակցելու: Ինձ ընտրել է համայնքի մեծամասնությունը, և
ես մեկ անձի պատճառով չեմ պատրաստվում հրաժարական տալ»,- ասաց Նորայր
Հարությունյանը: