Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն այսօր մեդալների համար կպայքարի գյումրեցի Հակոբ Մկրտչյանը
Բաթումում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն այսօր`մինչև 89 կգ քաշայինների կարգում մրցահարթակ դուրս կգան Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ գյումրեցի Հակոբ Մկրտչյանն անցած տարի աշխարհի առաջնությանը նվաճել էր փոքր արծաթե մեդալ և շատ մոտ էր նաև աշխարհի չեմպիոնի կոչմանը:
Առայժմ մեր հավաքականը մրցանակային տեղեր չունի այս առաջնությունում: Անցած օրերին մեր հավաքականից մրցահարթակ են դուրս եկել Իզաբելա Յայլյանը, Արմեն Գրիգորյանը, Ռաֆիկ Հարությունյանը: Յայլյանը 5-րդն էր, թեև կարողացել էր փոքր արծաթե մեդալ նվաճել, իսկ Գրիգորյանը 9-րդն էր: Ռաֆիկ Հարությունյանը սահմանել էր Եվրոպայի երիտասարդական ռեկորդ, սակայն մրցանակային տեղ չէր գրավել: Իսկ Անդրանիկ Կարապետյանը դուրս չէր եկել մրցահարթակ`կշռման ժամանակ առաջացած խնդիրների պատճառով: