ՊԵԿ նախագահն է պատասխանատվություն կրում ամեն ինչի համար, բայց ես դիմում չեմ գրելու. Դավիթ Անանյան
Կառավարության նիստից հետո լրագրողները զրուցել են ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ: Նա խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում տեղի ունեցածի մասին և տեղեկացրել, որ աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել ավտոմաքսատան աշխատակիցը և պետը:
«Այն, ինչ վարչապետը տեսավ ու նրա դուրը չեկավ, մտքեր արտահայտեց, կոչ ու հորդորներ արեց, կոչին և հորդորներին մեր աշխատակիցը պատասխանել է դիմում գրելով: Ոչ միայն տվյալ աշխատակիցը, այլև ավտոմաքսատան պետն ազատման դիմում են գրել: Դա այդ մարդկանց ընտրությունն է»,-ասաց Անանյանը:
Նրա խոսքով՝ ամենամեծ պատասխանատուն ինքն է, բայց ազատման դիմում գրել չի պատրաստվում:
«ՊԵԿ նախագահն է պատասխանատվություն կրում ամեն ինչի համար: Եթե ակնկալում եք, որ ես դիմում գրեմ ու հեռանամ, դա ինձ համար կլինի փախուստ խոշոր կամ ահռելի պարտականություններից: Եկեք պայմանավորվենք, ես դիմում չեմ գրելու, վարչապետի կոչ-հորդորին չեմ արձագանքելու դիմումով: Եթե ուզում եք սենսացիա, ես ասացի այդ սենսացիան: Մնացած բոլոր աշխատակիցներին ոչ ոք ոչ մի բան չի ասել: Ո՛չ ես, ո՛չ պարոն վարչապետն իրավունք չունենք մարդուն ազատել կամ չազատել: Բավարարել եմ աշխատակցի դիմումը, որը նրա ընտրությունն է: Մաքսատան ղեկավարի դիմումը գրվել է, ես բավարարելու եմ»,-ասաց Անանյանը: