Բժշկական կազմակերպության կողմից լիցենզիա ստանալու կարգը պարզեցվում է. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության ապրիլի 11-ի նիստում ներկայացրեց «ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը:
Թորոսյանը նշեց՝ խոսքը փաստաթղթում առկա որոշ դրույթների մասին է, մասնավորապես՝ բժշկական կազմակերպության կողմից լիցենզիա ստանալու մասին. պարզեցվում են պահանջները, հանվում են պահանջները՝ կապված այնպիսի բժշկական պարագաների հետ, որոնք այժմ բժշկագիտության մեջ չեն օգտագործվում, հստակեցվում է լիցենզիա ստանալու կարգը և պարզեցվում:
Նախագծի հիմնական խնդիրն է Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնության և սպասարկման բոլոր տեսակների լիցենզավորման համար ներկայացնել նույն բնույթի պահանջներ` շարադրված նույն կառուցվածքով, ինչպես նաև մասնագիտական բաժանմունքների առաջադրվող պահանջները շարադրել նույն կետում:
Կառավարությունը կողմ քվեարկեց ներկայացված նախագծին: