«Վետերան» օթևան-կացարան ընդունվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը կմեծացվի. Գործադիրը հավանություն տվեց որոշման նախագծին
Կառավարության ապրիլի 11-ի նիստում գործադիրը հավանություն տվեց անօթևան անձանց կացարանով ապահովելու որոշման նախագծի փոփոխությանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրեց նախագծով սահմանված փոփոխությունները:
«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց բնակության համար նախատեսված կացարանում՝ «Վետերան» օթևանում, որն ընդգրկված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմում, որպես առանձին ստորաբաժանում, ավելի քան երկու տարի է, ինչ առկա են ազատ սենյակներ, որոնք չեն բնակեցվում որոշման պահանջներին համապատասխանող կարգավիճակ ունեցող դիմող չլինելու պատճառով», – ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«Վետերան» օթևանն ունի 48 սենյակ, որոնցից 5-ն օգտագործվում է որպես աշխատասենյակ, իսկ 43-ը՝ բնակելի են (այդ թվում՝ 29 սենյակ մեկ տեղանոց, 14 սենյակ՝ երկտեղանոց), որտեղ կարող է բնակվել առավելագույնը 57 մարդ: Այս պահին ազատ է 10 սենյակ, որից 3-ը՝ երկտեղանոց: Երկտեղանոց սենյակները տրամադրվում են ամուսնական զույգերի կամ մոտ հարազատների (երկու քույր, երկու եղբայր և այլն): Որոշման համաձայն` փոփոխություն կկատարվի կացարան ընդունվելու իրավունք ունեցող անձանց շրջանակի մեջ, դարձնելով առավել իրատեսական, ընդգրկելով այն անձանց, ովքեր իրավամբ կարիք ունեն բնակելի տարածքի և ի վիճակի են ինքնուրույն բնակվել, ունեն ինքնասպասարկման ունակություն և սեփական խնդիրներն ինքնուրույն հոգալու հնարավորություն (հոգալ սննդի, կոմունալ ծառայությունների և այլ ծախսեր):
«Առաջարկվում է «Վետերան» օթևանում կացարանով ապահովել աշխատանքի վետերանի կարգավիճակ կամ 40 և ավելի տարվա աշխատանքային ստաժ ունեցող և օրենսդրությամբ նախատեսված խնամողներ չունեցող տարեց անձանց, «հաշմանդամ-երեխա» կարգավիճակ ունեցող միածնող ընտանիքի կամ ամուսնական զույգի, եթե ամուսիններից մեկն ունի հաշմանդամություն: Արդյունքում հստակեցվում է կացարանով ապահովման ենթակա անձանց շրջանակը, միաժամանակ կլուծվի նվազագույնը 10 անօթևան անձի (ընտանիքի) բնակարանային խնդիր», – նշեց նախարարը: