Սերբիայի հետ ԵՏՄ համաձայնագիրն ազատ առևտրի գոտու մասին կստորագրվի հոկտեմբերին
Սերբիայի հետ ԵՏՄ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել 2019 թվականի հոկտեմբերին։ Այս մասին տեղեկացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի կոլեգիայի անդամ Վերոնիկա Նիկիշինան «Գաղափարից իրականություն. Նուրսուլթան Նազարբաեւի եվրասիական նախաձեռնության 25-ամյակը» միջազգային կոնֆերանսում, որը տեղի է ունենում հինգշաբթի, Նուր-Սուլթան քաղաքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Այս տարի մենք ավարտեցինք բանակցությունները Սերբիայի հետ եւ հիմա սկսում ենք այդ համաձայնագրի ստորագրման նախապատրաստման ընթացակարգը, հույս ունենք ստորագրել այն հոկտեմբերին»,- ասել է Նիկիշինան։
Նա նշել է, որ ԵՏՄ-ն «մեկ քայլ է հեռու Սինգապուրի հետ ազատ առեւտրի գոտու մասին բանակցություններն ավարտելուց»։ «Եվ եթե մենք արդյունքին միտված համբերություն ու կամք դրսեւորենք, այս տարի ցանկանում ենք ստորագրել այդ համաձայնագիրը»,- պարզաբանել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի կոլեգիայի անդամը։