Սեդրակ Քոչարյանին արգելվել է տեսակցել հորը
«Այս պահի դրությամբ իր տղաներից մեկը՝ Սեդրակ Քոչարյանը, չի կարող տեսակցել, մնացած հարազատները տեսակցում են, արգելվել էր նաեւ փոքր երեխային»: Այս մասին այսօր Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն՝ անդրադառնալով իր պաշտպանյալի տեսակցություններին վերաբերյալ հարցին:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ բողոք էին բերել պաշտպաններն՝ ընդդեմ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու առաջին ատյանի դատարանի որոշման։ Դատարանը վաղը կհրապարակի որոշումը:
Այնուհետեւ նա անդրադարձավ գործի նյութերի ծանոթանալուն, որն ավարտվել է ապրիլի վեցին, նշեց, որ հասցրել են մոտ նյութերի յոթանասուն տոկոսին ծանոթանալ. «Մեր ժամկետը չեն ավելացրել, ծանոթ ենք գործի մի մասին, յոթանասուն տոկոսին ծանոթացել ենք: Միջնորդություններ կարող են ներկայացնել, այս փուլում մենք ձեռնպահ ենք մնացել միջնորդություններ ներկայացնելուց, միակ միջնորդությունն այն էր, որ մեզ լրացուցիչ ժամանակ տրվեր՝ գործի նյութերի համար: Ի սկզբանե անհավասար պայմաններում ենք մտնելու դատարան, դատախազները հուլիս ամսից ծանոթանում են, մտնում ենք դատական պրոցես անհավասար պայմաններով, թե ինչ կլինի հետո՝ չենք կարող ասել»:
Հիշեցնենք, որ երկրորդ նախագահը կալանքի տակ է դեկտեմբերի յոթից, նա մեղադրվում է «Մարտի մեկի» քրգործով սահմանադրական կարգը տապալելու մեջ: