Դին այրելուց հետո սպանվածի մեքենայով հեռացել է. Լոռիում դաժան սպանության մեջ կասկածվողը ձերբակալվեց
Այսօր՝ ապրիլի 8-ին, ոստիկանության ծառայողները, ստացված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում սպանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Թումանյանի բաժին են բերման ենթարկել Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Կամո Կիրակոսյանին։ Այս մասին գրում է Shamshyan.com–ը։
Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի բնակիչ՝ 46-ամյա Արսեն Սարդարյանին դանակի մի քանի հարվածով սպանելու, դին այրելու մեջ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Սարդարյանը ապրիլի 4-ից որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից։ Նա իր վարած Mercedes մակնիշի 34 RA 735 համարանիշի ավտոմեքենան հանգստյան օրերին շահագործում էր որպես տաքսի և Երևանից պատվիրատուի հետ ուղևորվել է Լոռու մարզ։ Հաջորդ օրվանից հարազատները ոչ մի տեղեկություններ չեն ունեցել Ա. Սարդարյանից։ Նրան զանգահարել են, սակայն նա կամ զանգերին չի պատասխանել կամ անհասանելի է եղել։ Որոնողական աշխատանքների արդյունքում ոստիկանները հայտնաբերում են Mercedes մակնիշի ավտոմեքենան, որի ղեկին եղել է Կ. Կիրակոսյանը։ Նա բերման է ենթարկվել և խոստովանել, որ սպանությունը կատարել է ինքը և այրված դին գտնվում է Լոռու մարզի Աքորի վարչական տարածքում։ Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ Կ. Կիրակոսյանը ձերբակալվել է։