Վաշինգտոնը կարող է Իրանի ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վաշինգտոնը պատրաստվում է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն» ավելացնել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկին: Այս մասին հայտնում է Deutsche Welle պարբերականը: Իրանը հայտարարել է, որ նման քայլը կարող է աղետալի հետևանքներ ունենալ:
Եթե Թրամփի վարչակազմն իսկապես իրականություն դարձնի այս լուրերը, ապա դա կլինի առաջին դեպքը, երբ օտարերկրյա պետության ռազմական կառույցն «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպության» որակում կստանա: Այս քայլը կարող է բարդացնել ԱՄՆ-ի հարաբերությունները Մերձավոր Արևելքում, հատկապես Իրաքում և Լիբանանում գործող այլ կառույցների հետ, որոնք կապեր ունեն «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հետ:
Ի պատասխան արևմտյան մամուլում տարածված լուրերի՝ Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը թվիթերյան գրառմամբ ԱՄՆ-ին նախազգուշացրել է հերթական աղետի մասին:
«Նեթանյահուի կողմնակիցները, ովքեր վաղուց քարոզչություն էին անում, որպեսզի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» ճանաչվի օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն, լիովին հասկանում են դրա հետևանքները տարածաշրջանում ամերիկյան ուժերի համար: Ըստ էության, նրանք ցանկանում են ԱՄՆ-ին քաշել ճահճի մեջ: Դոնալդ Թրամփը պետք է միամիտ չգտնվի և չներքաշվի ԱՄՆ-ի համար հերթական աղետի մեջ», – գրել է Զարիֆը: